Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԷՇԻ ԳԱՐԻ ՉՋՈԿԱԾՆԵՐՆ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼԻՍ»

«ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԷՇԻ ԳԱՐԻ ՉՋՈԿԱԾՆԵՐՆ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼԻՍ»
18.12.2009 | 00:00

Պատանեկան հասակից տասնյակ կերպավորումներով վաստակելով Թատրոն տաճարին ծառայելու իրավունքը` մասնագիտանում է Վարդան Աճեմյանի արվեստանոցում, նախ, որպես դերասան։ Ղափանի նորաբաց դրամատիկական թատրոնում արտիստական կերպապնակն է հարստացնում` շուտով փոխարինելով վատառողջ գլխավոր ռեժիսորին` Է. Ռանետի «Անառակ որդին» բեմադրելիս։ Միառժամանակ զուգակցելով դերասանական ու բեմադրական գործունեությունը, երևանյան հյուրախաղերում Րաֆֆու «Ոսկե աքաղաղի» հաջողությամբ գոտեպնդված, կրկին հայտնվում է Աճեմյանի արվեստանոցում` ռեժիսորություն ուսանելու։ Միլլերի «Դեպքը պատահել է Վիշիում» դիպլոմային աշխատանքով ընդունվում է Սունդուկյանի անվան թատրոն որպես բեմադրող ռեժիսոր։ Հմտանում է 60-ականների թատերառահվիրա Գեորգի Տովստոնոգովի լենինգրադյան բարձրագույն ռեժիսորական դասընթացներում և մեկը մյուսի հետևից բեմ բարձրացնում հայ, ռուս և արևմտյան դասական ու ժամանակակից դրամատուրգիայի հին ու նոր բազում նմուշներ (Սարտր` «Անշիրիմ մեռյալները», Դոստոևսկի` «Ապուշ», «Ոճիր և պատիժ», Ժ. Հարությունյան` «Հարսանիք 73»...): Ռեժիսորական նորահայտնություններով գունեղացնում է հայկական գրեթե բոլոր թատերախմբերի խաղացանկերը` պրոֆեսիոնալ «ներարկումներով» ձերբազատելով Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը սիրողականության կնիքից։ Հակամշակութային սառույցով ստեղծագործական մթնոլորտը տարեցտարի հիմնավորապես պատող չարաղետ 90-ականներից մինչ օրս ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ վարում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղագիտությունը` միաժամանակ մոտ 15 տարի նախագահելով ՀԹԳՄ-ն։ Այսօր մոտ 150 բեմադրությունների հեղինակ է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, պետական ու միջազգային մրցանակների դափնեկիր, մեր թատերարվեստի ազգային նկարագրի պահպանման առաջամարտիկը, ում հետ ծավալած մեր զրույցը հասցեագրում ենք «պարոնյանցիների» ներկայով լրջորեն անհանգստացողներին հատկապես։
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈՄԱՆԻՇԸ ԴԱՐՁԱՎ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
-Արդեն 16 տարի է, ինչ առաջնորդում եք Երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական կյանքը։ Տարեմուտի հանրագումարող տրամաբանությամբ` բնութագրեք, խնդրեմ, հասարակական-քաղաքական վայրիվերումների քուրայով անցած խառնակ ուղին։
-Երբ տեսնում եմ, թե որքան շատ են խոսողները և քիչ` գործ անողները, ինքս անհարմար եմ զգում խոսել։ Ամենազարմանալին այն է, որ ով ինչի մասին ասես խոսում է։ Չկա մեկը, որ որևէ բան չհասկանա։ Կյանքում երկու էշի գարի չջոկածներն են նույնիսկ խորհուրդներ տալիս։ Ի միջի այլոց` բոլոր-բոլոր հարցերում։ Թող ներեն ինձ արդի ամենագետները, բայց, այնուամենայնիվ, ես էլ ասելիք ունեմ։ Ժամանակը, կյանքն այնպիսի քայլերով են առաջ գնում, որ, պիտի խոստովանեմ, թատրոնը հետևից չի հասնում։ Ի վերջո, հասարակարգ է փոխվել։ Չգիտեմ, քանի՞ հոգի հասկացան, թե ինչ են ազատությունը, անկախությունը... Անկախություն, իմ կարծիքով, նշանակում է ավելի մեծ կախվածություն քո ժողովրդից, քո ժողովրդի ճակատագրից, քո մասնագիտությունից։ Իմ անկախությունը սա՛ է։ Ազատության հոմանիշը դարձավ ամենաթողությունը` ինչ ուզում ես, արա։ Ինչ ուզում ես, գրիր։ Ինչպես ուզում ես, վիրավորիր, թեկուզ` թքիր մարդու երեսին։ Սա՞ է խոսքի ազատությունը, մարդու ստեղծագործական ազատությունը։ Չեմ կարողանում հասկանալ, ինչպես չեմ հասկանում «լողացող» խաղացանկը անխտիր բոլոր թատրոնների։ Ով, որտեղ, ինչ, ինչպես ուզում է` անում է։ Ես, իհարկե, դեմ եմ ոստիկանական մահակով հարցերի կարգավորմանը արվեստում։ Ի վերջո, հասկացող մեկը պետք է սաստի՞ դեռևս չկայացած արվեստագետի մուտքը պատասխանատու բեմեր։ Ինչպես և` զանգվածային լրատվամիջոցներ։ Ինչ-որ մեկը պիտի ասի՞` դու, սիրելիս, իրավունք ունես հոդված գրելու միայն այսինչ թերթում, այնինչ թերթի մասին դու միայն պիտի երազես, որովհետև քո գրիչը դեռ չի հասել մինչև այդ թերթը։ Չափ ու սահման չկա։ Է՛լ ավելի է խառնվում այս ամենաքաոսը հեռուստատեսային, այսպես կոչված, շոուների, հումորի, «գեղարվեստական» ու տեղեկատվական այլ «արտադրության» թափանիվում։ Հանկարծ ինձ սխալ չհասկանաք։ Ամե՛ն ինչ իրավունք ունի ապրելու։ Մի պայմանո՛վ` գռեհկություն չլինի, դիլետանտություն, անգրագիտություն։ Բարձր գրականություն պիտի լինի դրանց հիմքում, ճաշակ։ Որովհետև, ուզես թե չուզես, այդ ամենը բումերանգի նման շրջվում է դեպի մեզ։ Թող սերիալներ էլ լինեն, շոուներ էլ, միայն թե ես դրանք նայելիս ամոթահար չլինեմ։ Հեռուստաընկերությունների ղեկավարներն իրենք նայո՞ւմ են սեփական հաղորդումները, իրենց ընտանիքի անդամներից չե՞ն ամաչում դրանց գռեհկության, հայհոյախոսության, բարոյալքության, անճաշակության համար։ Սրան գումարվել է աբսուրդ մի իրավիճակ. չգիտեմ` ում նախաձեռնությամբ` հավաքել են բոլոր թատրոնների տնօրեններին ու հայտարարել` իրավունք չունեք դպրոցներ մտնելու։ Իմ սերունդը դաստիարակվել է աբոնեմենտային սիստեմով, հրաշալի արդյունք է տվել դա համընդհանուր գեղագիտական դաստիարակության, մարդ ու քաղաքացի կրթելու ոլորտում։ 8-10-րդ դասարանցիներն ո՞ւր պիտի գնան երեկոյան։ Սրճարա՞ն։ Փողո՞ց... Եթե դպրոցականը, հեռուստացույցի կառավարման վահանակի ուզածդ կոճակը սեղմելով, դիմակավոր մարդասպաններ միայն տեսնի, ո՞ւր կհասնենք մենք վաղը։ Սերիալներով, որոնք ո՛չ ռեժիսոր ունեն, ո՛չ օպերատոր, ո՛չ լիարժեք գրական սցենար, հետևողականորեն ցածրացվել է հոգևոր պահանջարկը հասարակ մարդու, ամենավտանգավորը` դեռահասի։
«ԷԼ Ե՞ՐԲ ՊԻՏԻ «ՎԵՐՔԸ» ԲԵՄԱԴՐՎԵՐ»
-Հեռուստաեթերի բովանդակության շուրջ հարցադրումներիս մշակույթի նախարարն այսպիսի պատասխան տվեց. «Հեռուստաընկերությունները մասնավոր են, առաջնահերթ հետապնդում են կոմերցիոն նպատակներ, եթե պահանջարկ ունի տվյալ ֆիլմը կամ հաղորդումը, անկախ որակից, որևէ մեկն իրավասու չէ սահմանափակում մտցնել նրանց գործունեության մեջ, որը շահույթ է բերում, ինչից պետական հարկ է գանձվում»։ Այս պարագայում պետական հեռուստաալիքների բարձրարժեք հաղորդումները չե՞ն, որ պիտի կանխեն հոգևոր դեգրադացման համաճարակը։
-Ես, օրինակ, չեմ տարբերում` ո՞րն է պետականը, որը` ոչ։ Պետականն այնպիսի քաղաքականություն պիտի վարի, որ հատկապես երիտասարդության մեջ բարություն սերմանի, հայրենասիրություն, ազնվություն։ Ինչպես և թատրոններում չկա մի հերոսական կերպար, որին նա պիտի ընդօրինակի։ Ծիծաղում էին Հունան Ավետիսյանի կամ Կամոյի վրա, հիմա ո՞ւմ են հակադրում նրանց։ Անցավ մեծագույն հայի (նրան քիչ է «գրող» ասելը)` Խաչատուր Աբովյանի մեծ հոբելյանը։ Էլ ե՞րբ պիտի «Վերք Հայաստանին» բեմադրվեր, ե՞րբ պիտի ճանաչեր նոր սերունդը Աղասուն։
-Կարծեմ, թատրոններն իրենք նման առաջարկ չեն արել։
-«Վերևի՛ց» պիտի լիներ ոչ թե առաջարկը, այլ պատվեր-պահանջը, երկրի մշակութային քաղաքականության պարագլուխների կողմից։ Թատրոններն իրենց առկա ներուժի համապատասխանության մասին կիրազեկեին` բեմադրիչի, դերակատարների, նկարչի ու երաժշտի։ Մասսայական շքեղ ներկայացում պիտի արվեր լավագույնների մեկտեղմամբ, ոչ պարզապես` ընտրյալի շուրջ խումբ հավաքելով աջ ու ձախից։
-Երեք տարի շարունակ ձգձգվեց «Սարդարապատ» պիեսի մրցույթը, որ պետական պատվերով մեծ մասսայական ներկայացման հիմքն էր դառնալու։ Որևէ արժեքավոր պիես չգտնվեց։
-Լավ, դա դրեցինք մի կողմի վրա։ Բայց «Վերքի» արժեքը կասկածից վեր է, չէ՞։ Սունդուկյանի անվան թատրոնում արվելիք իսկական ազգային գործ կլիներ դա։
-«Վարդանանքը» փակեցին Սունդուկյանի անվան թատրոնում։ Ի՞նչ պակաս էր նրա հայրենասիրական ոգին։ Քաղաքական հիստերիա հրահրեցին` իբր այդպիսով սրում են հայ-պարսկական հարաբերությունները։
-Եթե իրականում չեն կամենում մարդը որևէ գործ անի, 11 պատճառ կարող են հորինել։ Պարսիկներն այդ ճակատամարտում մեզ հաղթել են, ի՞նչ հակամարտություն պիտի ծագեր «Վարդանանքի» բեմադրությամբ։ Դա հերթական հնարքն էր չբարձրաձայնվող նպատակին հասնելու։ Պարզապես կողմնակի հանգամանքները, խմորվելով, միացան` նախապատրաստելով Սունդուկյանի թատրոնի տխուր ներկան։
«ՄԵԾ ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ԵՐԲ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ ԿԱՐ»
-Դառնանք Պարոնյանի անվան թատրոնում առկա խնդիրներին։
-Ինչպես մյուսները, աշխատում ենք խումբը զբաղեցնել, ավելի շատ երիտասարդություն ներգրավել։ Մեծ բախտավորություն էր, երբ Կարպ Խաչվանքյանը կար, Մելինե Համամջյանը... Էլի ուրիշներ, որոնցով ինքնատիպ գունեղություն էին ստանում մեր ներկայացումները։ Կյանքի օրինաչափությամբ` զրկվեցինք նրանցից։ Ինչ-որ դատարկություն ստեղծվեց մի որոշ ժամանակ։ Մնացել է միայն Սվետլանա Գրիգորյանը։ Նրանց իրարահաջորդ կորուստները զարմանալիորեն զուգադիպեցին քաղաքական թոհուբոհին, «անցումային» կոչված անվերջանալի շրջանին։ Դժբախտաբար, չգրված օրենքով, մեծերն իրենց հետ տարան իրենց հանդիսատեսին։ Շատ եմ լսել` Խաչվանքյանը չկա, էլ ինչո՞ւ գանք։ Բայց հենց որ հանկարծ գալիս են, չեն թաքցնում հաճելի հիասթափությունը։ Նոր հանդիսատես է ձևավորվել։ Չեմ ուզում անունները տալ, առանձնացնել մյուսներից, բայց հիմա էլ երիտասարդներից մի քանիսի համար են հատուկ գալիս։ Եթե ինչ-որ բաներ շտկվեն, պարզվեն, խաղաղվեն, թատրոններն էլ իրենց նորմալ կյանքը կունենան։ Տաղանդի ու շնորհքի պակաս չկա։ Նախ պետք է մտածել աշխատավարձերի մասին։ Երեսուն հազար դրամով երգչախմբի արտիստը չի կարող երգել, բալետի դերասանուհին` պարել, նվագախմբի երաժիշտը` նվագել։ Միշտ ցավով եմ հիշում, որ Կարպ Խաչվանքյանը մահացավ մի այնպիսի աշխատավարձով, որի եռապատիկը ստանում էր «Արմենիա» հյուրանոցի պահակը։ Մահվանից հետո դիմեցի տարբեր տեղեր, մերժեցին օգնել։ Վլադիմիր Գասպարյանը գերեզմանը սարքեց։ Սա, իմ կարծիքով, բարոյականության արտառոց բացակայություն է։ Պատահաբար չեն դերասանները դառը կատակում` գնանք իրավաբան դառնանք, դատավորների աշխատավարձը դարձավ 440 հազար։ Հանրապետությունում հազիվ մի 400 ժողովրդական դերասան լինի, գոնե նրանց մասին պետք է հոգալ։
«ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՉՊԻՏԻ ԱՊԱՎԻՆԵՆ»
-Հիմա համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնավոր պատճառն ունեն այդ մասին չհոգալու։ Հարցի լուծումը տեսնում են մեկենասության համակարգի զարգացման մեջ։
-Բարերարներն էլ տարօրինակ մարդիկ են։ Եթե գումար են հատկացնում, խնդրում են` անունները չտալ, որ ուրիշներն էլ չդիմեն։ Պետական թատրոնները բարերարությանը չպիտի ապավինեն։ Վիրավորական է նույնիսկ։ Այն ներկայացումները, որոնց վրա պատկառելի գումար է ծախսվել, ասենք, «Ատամնաբույժն արևելյանը», որը 9 տարի է` խաղում ենք, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հովանավորեց, շքեղ բեմավորում ունեցավ։ Մինչև հիմա հաջողությամբ ներկայացնում ենք։ Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եթե չաջակցեր, Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» չէինք կարող իրականացնել։ Բեմի վրա 80 մարդ կա, նրանց պետք էր հագցնել, դեկորացիան պատրաստել, երաժշտությունը գրել։ Հիմա ոմանց թվում է, թե ես այնքան անտեղյակ եմ թատրոնի ժանրից, որ երաժշտական կոմեդիաների բեմադրությունը չեմ կարևորում։ Երրորդ տարին է, ինչ նախարարությունից սկսած մինչև ուր ասես դիմում եմ, որ միջոցներ տրամադրեն Չուխաջյանի հանրահայտ դասական գործը` «Կարինեն» բեմադրելու համար։ Ապարդյուն։ Դերակատարներ ունենք, Ռոբերտ Էլիբեկյանը հրաշալի գաղափարներ է հղացել, Նորայր Մեհրաբյանն է պարերը բեմադրելու իր խմբի ներգրավմամբ... Առանց ճոխության անհնար է երաժշտական կատակերգության բեմադրահղացմանն ուշագրավ կյանք պարգևել։ Քնձռոտ կերպավորումից պետք է հանել հայերին` ֆեսերով, թզբեհներով, խեղճուկրակ։ Այդ պարագայում միայն կարելի է խոսել ներկայացման ժանրից ու որակից։ Մեր թատրոնի երդվյալ չարախոսներին տեղեկացնեմ, որ նույնիսկ ներկայիս անկայուն վիճակում խաղացանկում վեց անուն երաժշտական ներկայացում ունենք։ «Սիլվա» էլ կբեմադրենք, «Իմ չքնաղ լեդի» էլ, բայց` ինչո՞վ։ Փո՛ղ է հարկավոր։ Առաջի՛ն հերթին։ Մնացած անհրաժեշտն ունենք, վստահեցնում եմ։ Հետո, ես լուրջ ուշադրություն եմ դարձնում հրավիրված ռեժիսորներին. լավ-վատ, միջակ-թույլ։ Նոր մարդիկ են, թարմ մտածողություն։ Ինձ քաջածանոթ դերասաններն անգամ նրանց աշխատանքներում ուրիշ ռակուրսից են երևում։ Վտանգավոր է, երբ դերասանդ քեզ համար այլևս որևէ գաղտնիք չունի։ Ըստ երևույթին, ես էլ` նրա համար։ Չորս հրավիրված ռեժիսոր է այս տարի բեմադրություն արել մեր թատրոնում։ Արմեն Մելիքսեթյանը («ՈՒշ լինի, նուշ լինի»), Ստեփան Ղազարյանը («Աթոռը»), Հակոբ Ղազանչյանը («Ինչ այս զինվորը, ինչ այն զինվորը»), Դավիթ Հարությունյանը («Շրջազգեստով գեներալները»)։ Շուտով պատրաստ կլինի Ղազարոս Աղայանի «Արեգնազանը», որ նորավարտ բեմադրիչ Շուշան Գևորգյանն է պատրաստում։ Ես տուրք եմ տալիս ազգային գործերին։ Ամենքին է հայտնի։ Հիմար կոմեդիաները, որոնք տարածված են աշխարհով մեկ, ինձ համար զզվելի են։ Գերադասում եմ մերը, թող որ` ավելի թույլ, բայց ոչ թե հնարած, այլ ծանոթ մարդկանց ու միջավայրի մասին։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք ընդունում Բրեխթի ու Անույի, Սայմոնի և Պատրիկի, Պսաֆասի ու Սլեյդի մուտքը խաղացանկ։
-Երկար ժամանակ հիմնականում ազգային գործեր էինք բեմադրում։ Զգացի, որ դերասանները, բեմադրիչները սով ունեն նոր դրամատուրգիայի շունչը զգալու, թեկուզ սխալվելու։ Հասկացա, որ նրանք Բրեխթի ու Անույի բովով պիտի անցնեն` համոզվելու համար դրանց փառաբանվող արժեքավորության, իրենց ստեղծագործական հետաքրքրություններին ու կարողություններին համապատասխանության մեջ։
-Անցյալ դարակեսերից հայտնի թատերագիրների, հատկապես աբսուրդի թատրոնի հանդեպ պահպանվում է հայ արվեստագետների կայուն ակնածանքը։ ՈՒսանողներից մինչև անվանիներ։ Կարծում եմ, կենդանի փոխշփումները, եթե որևէ շենշող արդյունքի չհանգեցնեն, գեթ կնպաստեն կատարողական ճկունության խորացմանը, գեղագիտական մտքի թարմացմանը։
-Հենց դա եմ կարևորում։ Նոր սերնդին բազմազան հոգևոր կերակուր է հարկավոր լիարժեք կայանալու, բացահայտվելու համար։ Հիմա մոտ 40 դերասան ունենք, նորացված հրաշալի երգչախմբում` 20 երգիչ-երգչուհիներ։ Ամենախոցելին բալետային խումբն է։ Ընդամենը 10 աղջիկ ունենք, տղաներ չկան, ինչպես և օպերայինում... Շնորհակալ պիտի լինեմ սենյակների բարեկարգման, ջեռուցման և օդափոխության համակարգերի գործարկման համար, բայց թատրոնը, նախ, բեմն է` լուսային ու ձայնային տեխնիկան, մեխանիզմները, որոնք նէպի ժամանակներին են համարժեք, քանի որ 88-ին ձեռնարկված վերանորոգումն անավարտ էր մնացել։ Գալիք տարվա բյուջեում, ՀՀ նախագահի անմիջական կարգադրությամբ, մնացել է մոտ 300 մլն դրամ։ Հուսով եմ, թատերական տնտեսությունն էլ կկարողանանք ուշքի բերել։ Եթե այս անիծյալ ճգնաժամն էլ մեղմանա, գուցե թե ստեղծագործական կազմի կարգավիճակն էլ անհամեմատ արժանապատիվ դառնա։ Անսպառ հավատով տեսնում եմ մաքուր, ազնիվ, հին թատրոնի վերադարձը` ռեալիստական, ռոմանտիկական, բարեկիրթ։ Այլ կերպ չի կարող մեր ազգը գոյատևել։ Ժողովրդին չի կարելի վիրավորել` մշակութայինի համարումով խայտառակություններ ցուցադրելով, հրամցնելով մասսայաբար։ Ո՛չ հեռուստադիտողին են հարգում, ո՛չ հանդիսատեսին։ Փառք Աստծո, անտրեպրիզային ծաղրանմանակումների հեղինակներն իրենք են հոգնել ողջ շնորհքը կոնկրետ անձերի երգիծելու վրա ներդնելով գումար ու ճանաչում վաստակելուց։ Որոշակի մարման պրոցես եմ նկատում վերջին մեկ-երկու տարիներին։ Զանգվածային լրատվամիջոցների, հատկապես հեռուստաեթերի որակական ազնվացմանն էլ հակված եմ հավատալու, այլընտրանք չկա։ Իր դարավոր պատմության ընթացքում հայ թատրոնը դարասկզբին միշտ աննախադեպ վերելքներ է ունեցել, հուսանք` 21-րդը բացառություն չի լինի։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ